nnao
Нахичеванская-на-Дону армянская община

Սույն թվականի սեպտեմբերի 21-ին Ռոստովի մարզի Նովոչերկասսկ քաղաքի Հայ Առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից բացվեց Հայորդաց տուն, որին մասնակցում էին Նովոչերկասսկ քաղաքի վարչակազմի ղեկավարի տեղակալ Իգոր Տիշկունովը, Դոնի Ռոստովի Սուրբ Հարություն եկեղեցու քահանա Տեր Տիրան Ավագյանը, Մեծ Սալա գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա Տեր Աշոտ Ղազարյանը, ռուս ուղղափառ Սուրբ Միքայել հրեշտակապետի անվան եկեղեցու հոգևոր հովիվ Օլեգ Դոբրինսկին, Դոնի կազակների պատրիարքական տաճարի հովիվ Գեորգի Սմորկալովը, Ռոս-տովի մարզի հայերենի խմբակների ուսուցիչները, բարերարներ, ինչպես նաև Նովոչերկասսկի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Բարերարներ տեր և տիկին Կարմեն և Սոնա Գուրգենյանները՝ ի հիշատակ հատուկ օպերացիայում հերոսաբար զոհ-ված իրենց որդու՝ Արթուր Գուրգենյանի, հանձն էին առել հոգալ Հայորդաց տան բոլոր ծախսերը, որը կդառնա հայ մշակույթի սպասված կենտրոն` մեր պատանիների ու աղջիկների համար: Գուրգենյան ամուսիններն ամեն ինչ արեցին, որ նորաբաց Հայորդաց տունը դառնա ոչ միայն իրենց որդու` Արթուրի, այլև նահատակված մյուս հայորդիների` Վահագն Սարդարյանի, Գևորգ Պապյանի, Էդգար Ավդալյանի, Թովմաս Հովհաննիսյանի, Էրիկ Նահապետյանի, Սամվել Պետրոսյանի անավարտ կյանքի, գործի ու երազանքի շարունակությունը:

Շնորհավորելով ներկաներին հոգևորմշակութային կենտրոնի բացման կապակցությամբ՝ Նովոչերկասսկի վարչակազմի ղեկավարի տեղակալ Իգոր Տիշկունովը բարձր գնահատեց բազմազգ, բազմակրոն քաղաքում նման մշակութային կենտրոն ունենալը, որը ոչ միայն հայ համայնքի ներկայացուցիչների համար է, այլև՝ ամբողջ քաղաքի:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա Տեր Անանիա Բաբայանը, կենտրոնի ստեղծման անհրաժեշտության մասին խոսելիս, կարևորեց մատաղ սերունդների հայեցի դաստիարակությունը, հայապահպանությունը և հայկական մշակութային ժառանգությանը տեր կանգնելը:

«Երկու բարեկամ ժողովուրդ՝ հայ և ռուս, դարերով պայքարել, արարել, կռվել են պատերազմներում ու միասին կերտել են իրենց ճակատագիրը: Քրիստոնեական հավատքն ու հոգևոր արժեքների համար պայքարն այսօր էլ միավորում է հայ և ռուս ժողովրդին:

Ռուսաստանը, չունենալով ընդհանուր սահմաններ Հայաստանի հետ, միշտ եղել է հայ ժողովրդի բարեկամը, օրհասական պահերին՝ օգնության ձեռք մեկնել: Եվ եթե ինչոր մեկն այսօր ցանկանա բաժանել հայ և ռուս ժողովըր-դի միասնությունը, ոչ մի կերպ չի կարող:

Չի՛ կարող, որովհետև մեր երկու ժողովրդի զավակները կռվել են միասին Կարսում ու Բայազետում, Վանում ու Արդահանում, Մոսկվայի ու Ստալինգրադի, Կուրսկի ու Լենինգրադի մատույցներում: Այդպես հաղթել են Հայրենական մեծ պատերազմում», — նշեց Տեր Անանիա Բաբայանը:

«301 թվականից հայերը լուսավորված են Քրիստոսի լույսով և քրիստոնեությունն ընդունել են՝ որպես պետական կրոն: Հայ ժողովուրդը բազմաչարչար ու տառապյալ ազգ է, որն անցել է ոչնչացման հնոցով, բայց այսօր ապրում ու արարում է: Ինչո՞ւ: Որովհետև առաջնորդել է Աստված, պահել ու պահում է Աստված: Այսօր ես տեսնում եմ ինչպիսի սիրով ու հավատով են աշ-խատում այստեղ՝ քարից մինչև գիր ու գրականություն», — ասաց ռուս ուղղափառ Սուրբ Միքայել հրեշտակապետի անվան եկեղեցու հոգևոր հովիվ Օլեգ Դոբրինսկին:

Նավոչերկասսկի Հայորդաց տան բացումը ազդարարող խորհրդանշական կարմիր ժապավենը կտրեցին հովիվներ Օլեգ Դոբրինսկին, Տեր Անանիա Բաբայանը և քաղաքի վարչակազմի ղեկավարի տեղակալ Իգոր Տիշկունովը:

Գեղեցիկ հարդարված դասարանում՝ ուսուցչուհի Աննա Բեգլարյանի ղեկավարությամբ, հայերենի խմբակի առաջին հայրենասիրական բաց դասն էր: Շուրջ երկու տասնյակ աշակերտ՝ հայերեն և ռուսերեն, ներկայացրեցին մեր լեզուն, պատմությունն ու մշակույթը:
Ուսուցչուհին շնորհավորեց աշակերտներին ու ծնողներին՝ նման կրթօջախի բացման կապակցությամբ և վստահեցրեց, որ այն կդառնա երեխաների կրթության, դաստիարակության կարևոր կենտրոն:

Միջոցառման մասնակիցներն ունկընդ-րեցին հայկական դուդուկի դյութիչ հընչյունները՝ դուդուկահար Արտյոմ Սարկիսյանի կատարմամբ, գեղեցիկ մենապարով հանդես եկավ «Կարս» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Աղունիկ Տեր-Հովհաննիսյանը, իսկ ուսուցչուհի Աննա Բեգլարյանը կատարեց Կոմիտասի «Դլե, յաման» և «Հորովել» ժողովրդական երգերը:

Միջոցառումն ավարտվեց հայկական ավանդական հյուրասիրությամբ:
Աիդա ԱԶՆԱՎՈւՐՅԱՆ
Фото Ксении РЕЗНИКОВОЙ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *