nnao
Нахичеванская-на-Дону армянская община

Հայ համայնքին կից կիրակնօրյա դպրոցի (ուսուցչուհի՝ Ա. Հովսեփյան, Ծ. Սարգսյան) և լրացուցիչ կրթության կենտրոնի (ուսուցչուհի՝ Ծ. Սարգսյան) աշակերտներն առաջին «ծիծեռնակներն» էին ՌԴ-ում, ովքեր համագործակցում են «Էյ ԹԻ Փի» բարեգործական հիմնադրամի հետ: Հիմնադրամի ներկայացուցիչը Դոնի Ռոստովում Հայ երիտասարդական միությունն է՝ Գևորգ Գրիգորյանի գլխավորությամբ: Հենց նրա ջանքերով էլ կայացավ առաջին ծառատունկը Մեծ Սալայի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու բակում: Նախկին ռոստովաբնակ Անահիտ Ղարիբյանն էլ, ով այժմ ապրում և աշխատում է ԱՄՆ-ում, հանդիսացավ այն դոնորը, որի շնորհիվ Ռոստովում կյանքի կոչվեց բնապահպանական այս հետաքրքիր ծրագիրը:

«Էյ Թի Փի» հայ — ամերիկյան բարեգործական հիմնադրամն իրականացնում է անտառավերականգնման, ծառատնկման և բնապահպանական խոշոր աշխատանքներ: Հիմնադրամի գլխավոր կենտրոնները Հայաստանում են և ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգում:

Հիմնադրամը Հայաստանում գործում է 1994 թ-ից: Ծրագրի հիմնադիրն ամերիկահայ հասարակական գործիչ Կարոլին Մուգարն է, ով 1992-ին, լինելով Հայաստանում, ականատեսը եղավ ցուրտ ու մութ տարիների սոցիալտնտեսական խնդիրներին: Խնդիրներից ամենացավալին անտառների մասսայական ոչնչացումն էր: Ծառն օգտագործվում էր որպես վառելափայտ, որովհետև երկրում այդ տարիներին չկար գազ, էլեկտրաէներգիա:

Վերադառնալով Ամերիկա՝ Մյուգարը հիմնում է «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը, որին միանում են սփյուռքի բազմաթիվ բարեգործներ և մեծ ներդրումներ անում:

Եվ ահա գործունեության 26 տարիների ընթացքում կազմակերպությունը բազմաթիվ բարեգործների, մասնագետների, կամավորների և բնապահպանների օգնությամբ տնկել է մոտ 6 մլն ծառ Հայաստանում և Արցախում, հիմնել է 4 տնկարան, 2 բնապահպանական կրթության կենտրոն Հայաստանի տարբեր մարզերում, կանաչապատել է Հայաստանի և Արցախի 1000-ից ավելի համայնքային տարածքներ:

Կազմակերպությունը ամենամեծ գործատուներից մեկն է Հայաստանում, որն ապահովում է աշխատանքով լեռնային շրջաններում ապրող շատ գյուղաբնակ-ների:

Կազմակերպության կարևոր առաքելություններից մեկն էլ բնապահպանական կրթությունն է և շրջակա միջավայրի վերաբերյալ դասընթացները:

Դոնի Ռոստովի կիրակնօրյա դպրոցի աշակերտներն առաջինն էին, ովքեր առաջին էկոդասի մասնակիցը դարձան:

Ծառապահպանման, ծառատնկման, ծառերի կենսական անհրաժեշտության, օգտակարության, ծառ աճեցնելու, խնամելու երկար գործընթացի մասին պատմող այս դասը մեծ ոգևորություն առաջացրեց նույնիսկ ամենափոքր մասնակցի մոտ: 4 տարեկան Աշոտը արդեն գիտեր, թե ինչի համար են ծառերը և ինչպես խնամել դրանք: Երեխաները սիրով ծանոթացան Հայաստանում աճող ծառատեսակներին, անուշահամ մրգերին ու էկոլոգիական խնդիրներին: Կազմակերպության հայաստանյան գրասենյակը բոլոր մասնակիցներին ուղարկել էր «Էյ Թի Փի»-ի խորհրդանիշով շապիկներ, ճանաչողա-կան-ուսուցողական գրքեր: Բացի այդ, երեխաներին բաժանվեցին նաև սոճու սերմեր, որոնք հատուկ խնամքից հետո պետք է դառնան ծառեր: Իսկ աշնանը երեխաները պետք է մասնակցեն ծառատունկի՝ կանաչապատելով Դոնի Ռոստովում գործող հայկական եկեղեցիների տարածքները:

Հաջորդ էկո-դասի մասնակիցները լրացուցիչ կրթության հայերենի «Արևիկ» խմբակի սաներն էին: «Անհավանական մեղուները» խորագիրն էր կրում հերթական բաց դասը, որը նույնպես շոշափում էր բնապահպանական խնդիրներ:

Մեր փոքրիկ մեղվիկները ներկաներին պատմեցին մեղուների գործունեության, կյանքի, նրանց աշխատասիրության և մեղրի օգտակարության մասին:

Երգ, պար, հյուրասիրություն, ծիծաղ ու ժպտացող աչքերով մանուկներ… ահա հերթական կայացած դասի հաջողությունը: Հրավիրված ծնողներն ու հյուրերը սիրով մասնակցեցին հյուրասիրությանը, վայելեցին անուշահամ մեղր, ուրախացան երեխաների հետ և ստացան նոր գիտելիքներ:

Կարծում եմ, որ համագործակցությունը կազմակերպության հետ հաջողվել է և շարունակական կլինի:
Շնորհակալություն ռոստովյան ներկայացուցիչ Գևորգ Գրիգորյանին, ամերիկաբնակ Անահիտ Ղարիբյանին և հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչներին:
Ծովինար ՍԱՐԳՍՅԱՆ,
ուսուցչուհի

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *