nnao
Нахичеванская-на-Дону армянская община

(Սուրբծննդյան տոնի Պատարագ Սուրբ Խաչ եկեղեցում)

Հայ առաքելական եկեղեցին հունվարի 6-ին նշում է Աստվածահայտնության տոնը` Հիսուս Քրիստոսի ծնունդը: Այդ օրը Դոնի հայ համայնքի հազարավոր հավատացյալներ հուզմունքով ու երկյուղածությամբ այցելեցին հայկական եկեղեցիներ՝ հաղորդակից լինելու Տիրոջ Ծննդյան Սուրբ Պատարագին…

Դոնի Ռոստովի Սուրբ Խաչ եկեղեցում Պատարագը մատուցեց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թադեոս քահանա Տերտերյանը: Ամբողջ Պատարագի ընթացքում եկեղեցու կամարների ներքո հնչեցին կանանց երգչախմբի հոգեպարար կատարումները:

Տեր Հայրն ընթերցեց Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի Սուրբծննդյան շնորհավորական ուղերձը։

Պատարագին հաջորդեց Ջրօրհնեքի ծիսակարգը, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: Այնուհետև հոգևոր հովիվը շնորհավորեց Սուրբ Պատարագի մասնակիցներին, բոլոր ռոստովցիներին, հայ ժողովրդին և Սուրբ Հոգու շնորհները խնդրեց Տիրոջից՝ հանուն հոգևոր և մարմնական բժշկության, հանուն հայ ազգի վերքերի շուտափույթ բժշկման, Հայրենիքի վերաշինման և Խաղաղության:

Տոնական այս Պատարագն այլ խորհուրդ էլ ուներ: Խոսքը վերաբերում է «Խաչքավոր» հասկացությանը: Տեր Հայրն այդ օրը ներկայացրեց եկեղեցու նվիրյալ և հավատարիմ զավակինայս տարվա Խաչքավոր Արթուր Խաչատրյանին: Հոգևոր հովիվն ասաց, որ վստահաբար շատերը ճանաչում են իրեն բարի ու աստվածահածո գործերի շնորհիվ: Արթուր Խաչատրյանը հանդիսավոր պայմաններում մեկ տարի ժամանակով ստանձնեց այդ հոգևոր պաշտոնը: Նա Պատարագի մասնակիցների ներկայությամբ և վկայությամբ եկեղեցու սպասավորի ձեռքից վերցրեց մյուռոնով օրհնված, ջրից հանված խաչը, չորացրեց, համբուրեց և իր հետ տուն տարավ:

Խաչը Խաչքավորի տանը մնում է 40 օր և միայն Տյառնընդառաջի տոնակատարության նախօրյակին քահանայի կողմից վերադարձվում է եկեղեցի:

«Ինձ համար պատիվ է արժանանալ Սուրբ Խաչ եկեղեցու «Խաչքավոր» պատ-վավոր տիտղոսին: Սիրով պարտավորվում եմ օրինակ լինել բոլոր հավատացյալների համար և շարունակել նեցուկ լինել եկե-ղեցուն», — ասաց Արթուր Խաչատրյանը:
Սուրբծննդյան տոներն ավարտվեցին հունվարի 13-ին` Քրիստոսի Անվանակոչությամբ, որը նվիրված է մանուկ Հիսուսին տաճարին ընծայելու, 8-րդ օրը թլպատելու և անվանակոչելու հիշատակին։

Արմինե ՀՈՎՍԵՓՅԱՆ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *