Մոտենում է տարեմուտի խորախորհուրդ երեկոն: Ի խորոց սրտի շնորհավորում ենք ձեզ Ամանորի և սուրբծննդյան տոների առթիվ:
Ցավով ու դառնություններով լեցուն տարի ապրեցինք: Արցախյան պատերազմի հետեվանքները, Հայաստան և Արցախ մեր հայրենիքի շուրջ ծավալվող բարդ ու մտահոգիչ գործընթացները, երկրում տիրող դժվարին իրավիճակը զըրկել են մեզ առօրյա, ինչպես և ամանորյա բնական ուրախությունից: Այդուհանդերձ, Նոր տարին դիմավորում ենք հույսով և հավատով, որ վերակերտելու ենք հայրենական մեր կյանքը:
Թող Փրկչի ծնունդը սքանչելի առիթ հանդիսանա մեր հոգիների բժշկության, վերածննդի և հոգևոր վերելքի համար, քանզի Քրիստոս ծնվեց բոլորի համար, որպեսզի Նրան հավաացողն է՛լ ավելի ամրանա իր հավատքի մեջ, իսկ անհավատը դարձի գա ու փրկության հույսն ունենա:
Մենք Քրիստոսի հարությանը հավատացող ժողովուրդ ենք: Դարերի հոլովույթում ցավը, տառապանքն ու մահը մեզ երբեք չեն հաղթել: Վեր ենք հառնել Տիրոջ պարգևած շնորհի զորությամբ, վաղվա օրվա հանդեպ լավատեսությամբ: Հավատում ենք, որ Աստծո ողորմածությամբ և մեր ժողովրդի հաստատակամ հանձնառությամբ, փրկչական 2023 թվականը կկարողանանք դարձնել ազգօգուտ և հայրենաշեն իրագործումների տարի:
Տարեմուտի նվիրական այս պահին աղոթենք, որ ազգս հեռու լինի փորձություններից, որ Բարձրյալ Տիրոջ օրհնությամբ իրականություն դառնան մեր բարի ձգտումները` անձնական, ընտանեկան, ագային ու հայրենական կյանքում:
Խաղաղություն, սեր, բարօրություն ենք մաղթում աշխար-հին և համայն աշխարհասփյուռ մեր ժողովրդին, մեր Հայրենիքին, Արցախին, ձեր ընտանիքներին:
Բարի Նոր տարի:
Դոնի Ռոստովի Սուրբ Կարապետ եկեղեցու ավագ քահանա`
Տեր Թադևոս Ավագյան