nnao
Нахичеванская-на-Дону армянская община

Ծանր է լռությունն արևածագից առաջ։ Գուցե գիշերն ավելի երկար կլիներ, եթե չլիներ հացի խնդիրը։ Շրջափակման վերջին օրերն էին. հացի փուռերում ալյուր քիչ կար. հացը թխվում էր առանց աղ, իսկ մի քանի օրից էլ հացի չափը նորից փոքրանալու էր։ Եթե առաջ մեր տանը երեք հացով բավարարվում էինք, ապա այսօր քարի չափ փոքրացած հացից գրեթե հինգն է հարկավոր։ Եթե բախտդ բերեց, գոնե երեքը կհասնի, եթե՝ ոչ, ապա այսօրվա պես կանցնեն թուղթ ու գրիչին։ Չլինի թե մո-ռանաս կտրոնդ, կմնաս առանց հացի։

Ամեն օր, լույսը բացվելուն պես մեր բակի խանութի մոտ ծանր էր լինում նաև մարդկանց լռությունը։ Իրար կողքի կանգնած տղամարդիկ էին խոսում։ Երկրի հոգսն առնելու համար ժամին էին նայում։ Եթե արդեն ութն անց էր, զրույցը սկսվում էր։ Ավելի ուշ կանանց ձայներն էին խլացնում ականջդ՝ հոգսառատ տատիկներ ու ջահել հարսներ, ովքեր ամեն օր հերթերի մեջ էին և հեռախոսով էին կարգավորում իրենց տան գործերը. իրենք զբաղված էին ամենամեծ գործով՝ հացի հերթում էին։

Հացի մեքենայի շարժիչի ձայնն էլ անգիր գիտեին. ճանապարհի վերևի հատվածում երևում էր մուգ կանաչ մեքենան։ Արտաքին տեսքն այն չէր, արդեն հալումաշ էր եղած, բայց կարևորը թմբի վերևից ինքնահոս կարող էր հասնել խանութի դռան առաջ։ Այդ օրերին մեքենաների մեծ մասը բարձր տեղերից այդպես էր իջնում, վառելիքը խնայելու համար։ Մեքենայից իջավ մի երիտասարդ տղա՝ հացի արկղը ձեռքին։ Կանգնածները մի հայացքով արդեն կարողանում էին գուշակել՝ հաց կհասնի՞, թե ոչ։

Ծանր էր նաև այդ աղմուկն այն մարդկանց համար, որ ժողովուրդ էր կոչվում մի ժամանակ, իսկ հիմա կենցաղային հերթերում ամբոխված կորցնում էր իր անունն ու պարզապես դառնում մարդկային ստվերներ, որոնք իրենց կամքից անկախ քայլում էին առաջ։

Դրամարղկի առաջ նստած էր տիկին Նինան։ Նրա աչքերում միշտ անմեկնելի մի թախիծ էր լինում։ Այսօր աչքերն ավելի հոգնած էին երևում. դաշտից էր գալիս։ Ազատ ժամերին հողի հետ է աշխատում՝ գումարի դիմաց։ Նա մերթ նայում էր իրեն մոտեցող հաճախորներին, մերթ՝ հացի արկղերին։ Այսօր բոլորին երկուական կտա։

Եվ սկսվում էր խառնաշփոթը։ Տիկին Նինան գրեթե բոլորին ճանաչում էր. նրանց հետ նույն բակում էր ապրում։ Նա հազիվ էր հասցնում ճանաչել հաճախորդին, հետո հիշել, թե քանի հոգի են նրանց ընտանիքում ու տալ հասանելիք հացը. երկո՞ւ, թե կես։ Այդ ընթացքում իրեն մեկնված գումարն ավելի էր շփոթեցնում նրան, որովհետև չէր էլ հասցնում հաշվել։ Վերջին հացը վաճառելուց հետո խանութում նորից իջնում էր լռություն, բայց արդեն այդ ծանրության մեջ պայթում էր ոչ թե խոսելու տենչը, այլ ավելի խլացնում անգամ ներքին ձայնդ։ Ամենից հետո տիկին Նինան հոգնած հանում էր ակնոցը, նստում և հենվում ձեռքի վրա, նայում դատարկ ցուցա-փեղկերին։ Անցած մի քանի րոպեն ֆիլմի ժապավենի պես հիմա էլ մտքում էին սահում։

Ակնոցավոր կինն այսօր ավելի ջղայն էր, իսկ հացը վերցնելիս դժգոհեց։ Օհան պապին էլ էր նեղացել իրենից. ախր, իրենց տանը տասը հոգի են, երկու հացով ի՞նչ պիտի անեն։ Նա նստած մտածում էր. սրա վերջը չի երևում։ Եթե պիտի գնա, ինչպե՞ս իր բաժին հայրենիքը գրկի ու տանի իր հետ։ Այդ բաժին հայրենիքում այնքան սիրտ կա, որ իրենն է, բայց հողն է գրկել։

Մտքերը ցրելու համար որոշեց ինչոր գործով զբաղվել։ Խանութն արդեն ավլել էր ու պիտի լվանար, երբ ներս մտավ հարևաններից մեկի ամուսինը։ Ձեռքը թափ տվեց, սուր հայացքով նայեց տիկին Նինային ու մոռացավ, որ իր առաջ կին է կանգնած. բղավեց ու գոռալով հայտարարեց, որ իրենց այսօր հաց չի հասել։ Տիկին Նինան անճարությունից խեղդվում էր, միայն մեկ բան էր ասում. «սուտ ես ասում»։ Ու ոչինչ, որ իրեն լսող չկար. տղամարդն իրենն ասել ու հեռացել էր։

Կիսատ մնաց գործը… ջուրն արդեն լցվել, թափվում էր։ Թողեց այնպես։ Մտավ խանութ, արցունքները զսպել էլ չէր կարող։ Հեկեկաց, մի փոքր լաց լինելուց հետո հանգստացավ։ Խանութի բանալիներն արդեն հանում էր կողպեքից, երբ հարևաններից մեկը խոսեցրեց.

— Այսօր ամուսնուս ծնունդն է, շուտ պիտի գնամ տուն, — ասաց ու գնաց։

Արդեն արևն անցել էր։ Վարդերի մի փունջ ձեռքին տիկին Նինան դուրս եկավ տնից։ Հեռու էր գնալու, բայց չէր տրտընջում։ Հարազատ քաղաքի գերեզմանոցի ծուռումուռ ճանապարհի մի գերեզմանաքարի վրա խոնարհեց ծաղիկները, ինքը նստեց կողքին ու սիրտը բացեց։

Թե ինչ խոսեց, ոչ ոք չգիտի, կարևորն ամուսնու ծնունդը շնորհավորեց, իսկ վաղն առավոտյան նորից հացի հերթերում կանգնած մարդկանց պիտի պատասխան տա։

Անահիտ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *