nnao
Нахичеванская-на-Дону армянская община

Ուր որ հայրենի երգեր կլսվին`
Հոն հայրենիքը ողջ է…
Ղ .Ալիշան
Նորից ղողանջում է զանգը դպրոցի, և բոլորիս իր գիրկն առնում ջերմագին։ Վերսկսում ենք ուսումնական տարին փոքրիկ կրթօջախներ ստեղծած Սփյուռքում։

Հայ ազգն իր քաղաքակրթության պատմության մաքառումների ընթացքում իր հետքերն է թողել աշխարհի գրեթե բոլոր անկյուններում։ Դիմակայելով ճակատագրի հարվածներին ու փորձություններին`ամենուր ձգտել է պահպանել Մշակույթը, Լեզուն, Հավատը, և մենք` ուսուցիչ-ներս`անխոնջ նվիրյալներս, մաքառումի բովով քայլում ենք անընդմեջ և մեզանից յուրաքանչյուրը փորձում է դպրության լույս սփռել ամենուր։ Մեր ազգի ինքնությունը դարեր շարունակ խարսխված է եղել լեզվի, կրոնի, ազգային մշակույթի պահպանման ու տարածման վրա։ Սփյուռքում հայ ինքնության պահպանման համար չափազանց կարևոր է մայրենի լեզվի իմացությունը և սրբազանորեն պահպանումն ու փոխանցումն ամեն հաջորդ սերնդին։ Կըրթված ու գիտակից սերունդը երկրի առաջընթացի առաջին երաշխիքն է, իսկ հաջողությունները կրթության ոլորտում` մեր երկրի կայացման կայուն հիմնաքարը։ Մեզ պետք է առաջնորդի այն գիտակցությունը, որ լեզուն ազգի բյուրեղյա, պեղված արժեքն է`աստվածապարգև էությունը։

Այսօր էլ ապրում է Սփյուռքը իր մշակութային կյանքով` անցյալի ժառանգությունը պահպանելու, իր առջև դրված կարեվորագույն խնդրով։ Եվ այդ կարևորագույն խնդիրները որդեգրած` Բատայսկ քաղաքը ևս անմասն չմնաց. լրացուցիչ կրթության կենտրոնում բացվեց հայկական դասարան, հնչեց ուսումնական տարին ազդարարող զանգի առաջին ղողանջը։

Եվ այս ծրագրերը կյանքի չէին կոչվի, եթե ազգապահպան գործի անխոնջ նվիրյալ ուսուցիչների կողքին մշտապես կանգնած չլինեին պետական ու ազգային գաղափարների կրող համայնքային այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Արմեն Սուրենի Գասպարյանը (Բատայսկի քաղաքային դումայի պատգամավոր), Սեդրակ Գրիգորի Սահակյանը (Ռոստովի մարզային հայեզդիական հասարակական կազմակերպության մշակութային և ժամանցի «Дружба» կենտրոնի ղեկավար)։ Նրանց շնորհիվ է, որ մենք` ուսուցիչներս, կարողանում ենք Սփյուռքում հայ երեխաների կրթությունը դնել ազգային հիմքերի վրա և Սփյուռքի մեր համայնքում ամեն մի բացվող դասարանը դարձնել մի փոքրիկ Հայաստան։

Ուստի, եկե՛ք փառաբանենք ու սովորենք մեր Մա՛յր լեզուն, այն բարձր լեռներից ու խորունկ ձորերից ծնված լեզու է, մեր սրբությունն է, մասունքը հանուր մարդկության։

Շնորհավոր Սեպտեմբերի 1, և թող բոլորիս արշալույսները խաղաղ բացվեց…
Ռուզաննա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *