nnao
Нахичеванская-на-Дону армянская община

Այս տարի հայ մեծ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաանես Թումանյանի ծննդյան 155-ամյակն է: Հայաստանում և սփյուռքի հայկական կրթօջախներում անց են կացվում Ամենայն հայոց բանաստեղծին նվիրված փառատոններ, միջոցառումներ, բաց դասեր, ակցիաներ, վիկտորինաներ:

Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությունը բացառիկ կարևոր տեղ է գրավում հայ բազմադարյան գրականության և ողջ հոգևոր մշակույթի պատմության մեջ: Նրա ստեղծագործույուններն ունեն ոչ միայն համազգային, այլև համամարդկային բովանդակություն, գեղարվեստական վիթխարի ընդհանրացումներ: Մեծն բանաստեղծի թողած գրական ժառանգությունը դարձավ իր հայրենիքի անցյալի և ներկայի, նրա հոգևոր ուժերի ու գեղարվեստական ավանդույթների լավագույն, ամենախոր մարմնավորումը:

Թումանյանական օրերին ընդառաջ Դոնի Ռոստովի հայերենի խմբակների սաները մասնակցեցին Անապայի «Մուշ» արվեստի դպրոցի կազմակերպած փառատոնին՝ ներկայացնելով Թումանյանի հեքիաթների հիման վրա բեմադրված ներկայացումներ, բալլադներ ու բանաստեղծություններ:

Ռոստովի հայ համայնքին կից «Արևիկ» դպրոցի աշակերտներն ապրիլին ունեցան ուսումնաճանաչողական մի քանի դաս, ծանոթացան մեծանուն գրողի կենսագրությանն ու ստեղծագործական կյանքին, կարդացին մեծն բանաստեղծի հեքիաթները, բանաստեղծությունները, դիտեցին նրա մասին պատմող հետաքրքիր ինտերակտիվ մուլտֆիլմ և թումանյանական հեքիաթների հիման վրա նկարահանված մուլտֆիլմեր: 

Վերջերս Հայկական վիրտուալ համալսարանը «Արևիկ»-ի աշակերտների համար կազմակերպել էր վիրտուալ այցելություն Հովհաննես Թումանյանի թանգարան: Համալսարանի դասախոս Գոհար Գևորգյանը կրկին անդրադարձավ գրողի կյանքին, ստեղծագործություններին, ընդգծեց՝ Թումանյանը մեծ դաստիարակ է, իր ստեղ-ծագործություններով կրթել է բազում սերունդներ: Մեծն գրողն իր ցանկացած ստեղծագործության, այդ թվում փոքրիկ հեքիաթի մեջ շատ խորը իմաստ է ներդրել: Ամենայն հայոց բանաստեղծը գրքասեր էր, հարուստ գրադարան ուներ, որը համալրում էր տարաբնույթ գրքերով: Վիրտուալ այցելության ընթացքում երեխաները հետաքրքրությամբ լսեցին Գոհար Գևորգյանի դասը, պատասխանեցին հեքիաթների հերոսների մասին վիկտորինայի հարցերին և հանելուկներ գուշակեցին:

Նմանատիպ միջոցառումները կշարունակվեն ողջ տարվա ընթացքում: Արմինե ՀՈՎՍԵՓՅԱՆ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *