nnao
Нахичеванская-на-Дону армянская община

Դոնի Ռոստովի հայ համայնքին կից «Արևիկ» դպրոցում ավարտվեց ևս մեկ ուսումնական տարի։ Արդեն 16 տարի է, հայ համայնքի բարերարությամբ, այստեղ կրթություն են ստանում Դոնի Ռոստովում բնակվող հայ մանուկներն ու երիտասարդները։

«Արևիկ»-ում աշակերտները սովորում են հայերեն գրել, կարդալ, հաղորդակցվում են հայ գրականության, պատմության, մշակույթի, երաժշտության, ճարտարապերտության հետ։ Առանձնահատուկ հետաքրքրությամբ են ուսումնասիրում դոնահայերի պատմությունը, մշակույթն ու խոհանոցը։

Այս ուսումնական տարին նույնպես հագեցած էր գեղեցիկ միջոցառումներով, ուսումնաճանաչողական էքսկուրսիաներով, մրցույթներով, հետազոտական աշխատանքներով, խորհրդաժողովներով, բաց դասերով, փառատոններով, օլիմպիադաներով։

– «Արևիկ»-ը հայապահպանության, վաղվա հայի կերտման օրրան է, որտեղ փորձում ենք հայեցի դաստիարակել մեր երեխաներին, սովորեցնել հայկական բառն ու բանը, նրանց պահել հայրենիքի մոտ, բերել և պահել հայկական համայնքի մեջ, որպեսզի շփվեն միմյանց հետ, մեծանան միասին:

Կարևոր են նաև շփումները, որպեսզի երեխաները միմյանց հետ հաղորդակցվելով՝ փոխանցեն իրենց ընտանիքների սերն ու ջերմությունը միմյանց: Չէ՞ որ այդ փոքրիկները վաղվա մեր մայր տաճարի ղողանջներն են: Ամեն երեխայի ձայնի, ուրախության, անգամ փոքրիկ չարաճճիությունների մեջ ես տեսնում եմ, թե ինչպես է տասնյակ տարիներ հետո ղողանջելու մեր մայր տաճարը: Իսկ որպեսզի տաճարը ղողանջի, պետք է այսօր մեր առաքելությունը, մեր ջանքն ուղղենք դեպի հայապահպանություն, հայերենի դասավանդում, հայկական երգի, արվեստի նկատմամբ սեր և կիրառում: Քանզի սիրել հայերենն առանց կիրառելու, առանց օգտագործելու հայերեն լեզուն, ոսկեղենիկ մայրենին, նշանակում է ուծացում, – ասում է «Արևիկ»-ի հիմնադիրղեկավար Արմինե Հովսեփյանը։

2024-2025 ուսումնական տարում պարապմունքները, ինչպես մյուս ուսումնական հաստատություններում, կվերսկսվեն սեպտեմբերի 1-ից։

 Հիշեցնենք, որ Ռոստովի մարզի մի շարք քաղաքներում և Դոնի Ռոստովի բոլոր շըրջաններում գործում են հայերենի անվճար խմբակներ։ Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել www.nnao.ru կայքի «Հայոց լեզու» բաժին։

Աիդա ԱԶՆԱՎՈւՐՅԱՆ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *