nnao
Нахичеванская-на-Дону армянская община

Ինչպես տարվա մյուս եղանակները, այնպես և աշունն ունի իր գեղեցկությունն ու յուրահատուկ հմայքը` գեղեցկություն, որ գրավում է թե՛ մեծերին, թե՛ փոքրերին. հմայք, որն անտարբեր չի թողնում ոչ ոքի։ Դոնի Ռոստովի հայերենի ուսուցիչներն ու սաներն էլ պարզապես չէին կարող տարվա այդ գունագեղ եղանակը ճանապարհել աննկատ։

Ռոստովի Վ.Ի. Լենինի անվան մանկական գրադարանում մանկավարժների և ծնողների ջանքերով կազմակերպվել էր «Հրաժեշտ ոսկե աշնանը» խորագիրը կրող բաց դաս: Դասին մասնակցում էին գրադարանի և թիվ 110 դպրոցի հայերենի խմբակի սաները: Դասը վարում էր Ծովինար Սարգսյանը:

Գեղեցիկ հագուստներով երեխաները, աշնան գույներով զարդարված դահլիճում, ասմունքով, երգ ու պարով, խինդ ու ծիծաղով ճանապարհեցին հերթական բազմերանգ աշունը` խոստանալով իրենց սրտերում վառ պահել աշնանային տերևների մեղմ խշշոցը, արևի ջերմությունն ու աշնան վրձնով արված նուրբ ու անկրկնելի բնապատկերը։

Երեխաներն ասացին նաև, թե ինչ դժվարությամբ են հրաժեշտ տալիս իրենց սիրելի «ընկերոջը», որի հետ հանդիպելու են մեկ տարի անց։ Սակայն հրաժեշտը մեղմում է այն փաստը, որ իրենց մեկ այլ սիրելի «ընկեր» է այցելում` ձմեռը։

— Մնաս բարով, աշուն, մենք քեզ շատ սիրեցինք, — արևիկցիներն այս խոսքերով ավարտեցին աշնանը նվիրված իրենց բաց դասմիջոցառումը։

Արմինե ՀՈՎՍԵՓՅԱՆ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *