Եղեռնից հառնած հայ ժողովուրդ 04.Май.2022

Քայլել է հայ ժողովուրդը պատմության քառուղիներով ու մարտնչել է նա, ընկել է ու բարձրացել՝ քրտինքը տալով հողին ու քարին, ու նրա ձեռքում միշտ էլ եղել է շինարարի մուրճը։ Կառուցել է, չի քանդել։

Քայլել է հայի ամպրոպածեծ քարավանը։ Նրա հանճարեղ որդիներն առաջնորդել են անտեր ժողովրդի քարավանը և հասցրել մինչև մեր դարաշրջանի դռները։ Եվ ահա 20-րդ դարի շեմին քիչ էր մնում գլխատվեր մեր հայ ժողովուրդը, երբ եղեռնի առաջին հարվածն իջավ նրա գլխին։

1915 թվականին երիտթուրքական կառավարության կողմից նախօրոք մշակված և կիրառված ցեղասպան քաղաքականության հետևանքով մեր ազգը կանգնեց իսպառ ոչնչացման վտանգի առաջ։ Առաջադեմ մարդկության ներկայացուցիչները դատապարտում էին բարբարոսային ցեղասպանությունը և պահանջում դադարեցնել այն։

Սակայն հրոսակախմբերը շարունա-կում էին չար խորշակի պես քանդել մեր բիբլիական հողը։ Ամենուրեք մխում էին հայոց վանքերը, հազարամյակներ ապրած մեր մագաղաթները։ Այրվում էր հողը մեր խաչապաշտ, կոտորվում էր ծաղկող գարնան սպասող մի ամբողջ ժողովուրդ։

Հրաշքով փրկվածները՝ քաղցից ու ծարավից ծայրաստիճան հյուծված ու ոսկրացած, ուրվականների նման, հայտնվում էին անապատներում՝ իրենց ետևում թողնելով անթաղ դիակներ ու անեծքով պղծված ոճրագործների հալածանքները։ Հազարավոր մանուկների մայրերի խլացած սրտերը լցված էին անմար վրեժով։

Շատ զավակներ կորցրեց հայ ժողովուրդը ցեղասպանության տարիներին։ Թվում էր, թե հայ մայրը կխելագարվի որդու կորստից, բայց այդպես չեղավ, նա որդու փոխարեն իր գրկում պահած Արևմտյան Հայաստանից Արեվելյան Հայաստան բերեց ասեղնագործ մատյանը, որի էջերը կորած զավակի աչքերի կապույտ գույնն ունեին։ Շատ դառը հետևանքներ թողեց եղեռնը, փոթորկեց հայոց անխռով ոգին։ Թուր-քական յաթաղանից բազմաթիվ հայեր ցրվեցին աշխարհով մեկ… Հայերի շուրթերին ավելացավ սփյուռք բառը։

Բարբարոսները քանդեցին ինչ որ կարող էին, պղծեցին՝ ինչ չէին կարող քանդել։ Հայ ազգը տունը տվեց, բայց հոգին՝ ոչ։ Թշնամին հողն առավ, բայց հայի հոգին անառիկ էր… Փորձում էին իրենց անողոք ձեռքերով սրբել մեր զորեղ հետքերը՝ ավերելով մեր դարավոր հուշարձաններն ու քաղաքները։ Բայց հայ ժողովուրդը հաղթահարեց այդ ցավը՝ նորը կառուցելով։ Իսկ ինչպե՞ս հաղթահարի միլիոնավոր զոհերի դիվական կսկիծը։ Այդպես էլ չսպիացավ հայի վերքը…

Այս ողբերգությունն այսօր իրենն է համարում ողջ մարդկությունը։ Եղեռնը ոտքի հանեց բոլորին, ու օրեցօր, նոր սերնդի մեջ կաթիլ առ կաթիլ լցվեց ատելությունը թշնամու հանդեպ։

Տասամյակներ շարունակ Հայաստանը տուն է կանչում իր հարազատ որդիներին, որ հայտնվել են աշխարհի տարբեր անկյուններում։

Զուր չի ասել մեր մեծ բանաստեղծ Գևորգ Էմինը. «Մենք երա՜զ ունենք կատարելու և վրե՜ժ ունենք պատմությունից դեռ հանելու»։

Այո՛, մենք բոլորս էլ վրե՜ժ ունենք լուծելու և երա՜զ ունենք կատարելու։ Հայ ժողովրդի ոգին անթեղված կրակն է բոցավառվող հույսի: Դու եղել ես, կաս ու կլինես, իմ հայ ժողովուրդ։
Լիանա ԳԵՎՈՐԳՅԱՆ

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Вы можете использовать эти HTMLтеги и атрибуты: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>