«ԳՈՅՈՒԹՅՈՒՆՍ՝ ԱՆՊԱՏՈՒՀԱՆ ՓԱԿՈՒՂԻ» 28.Фев.2022

Սիրելիընթերցող, շարունակումենք 44-օրյապատերազմի նահատակների մասին պատմող մեր խորագիրը:

ԱյսանգամներկայացնումենքԱրցախիդուստր, հրաշալի բանաստեղծ ու գրականագետ Ժաննա ԲԵԳԼԱՐՅԱՆԻ  արձակ պոեմը՝ նվիրված իր ՎԱՀԱԳՆ որդուն, որը հերոսի մահով նահատակվեց հրադադարից ժամեր առաջ:

Ծուխ է ելնում բանաստեղծի ու մոր ամեն տողից, մորմոքն ու կարոտը դառնում են ընդվզում ու աղոթք, սեր ու անծիր ափսոսանք՝ առ մեր հերոս որդիները, մեր բոլոր ՎԱՀԱԳՆՆԵՐԸ

 

Վահագն Վալերիի Սարդարյան, լեյտենանտ։

Ծնվել է 1980 թվականի օգոստոսի 12-ին, Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Առաքյալ գյուղում։

1986-ին ընդունվել, 1997-ին ավարտել է Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը։

Բարձրագույն իրավագիտական կրթություն է ստացել Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի պետհավատարմագրված համալսարանում (1997-2002):

Պարտադիր զինծառայությունն անցել է Արցախի պաշտպանության բանակի N զորամասում (1997-1999): Ամուսնացել է 2006 թվականին։ Ունի երկու դուստր։ Կինը` Օֆելյա Մարտիրոսյանը, ծնված 1982 թ. Ստեփանակերտում, Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան դրա-մատիկական թատրոնի դերասանուհի է։

Դուստրը` Գիսանեն, ծնվել է 2015 թվականին։ Դուստրը` Նռանեն, ծնվել է 2017-ին։ Արցախի երկրորդ պատերազմին մասնակցել է սեպտեմբերի 29-ից։ Զոհվել է Կարմիր Շուկայի մատույցներում, նոյեմբեր 7-ի լույս 8-ի գիշերը։

Հանգչում է Եռաբլուրում։ Վահագնն աշխարհ է եկել առաջնեկի իրավունքով` որպես գեղեցիկ սիրո ծնունդ։

Նրա առաջին ճիչով աշխարհը գունափոխվել ու իմաստափոխվել է ինձ համար։ Նա իմ ուժի, զորության, դիմադրողականության, կենսունակության աղբյուրն էր, ապրելու արդարացումը։

Հինգ տարի հետո միայն ես ունեցա իմ երկրորդ զավակին` Վահեին, ով Վահագնի համար խաղընկեր չէր, այլ Վահագնի պաշտպանության ու հոգատարության առանցքի ապերիկը` տանը, բակում, դըպրոցում ու հետագա տարիներին` ամենուր։ 1988-ին դստերս` Արուսի ծնունդով մեր

ընտանիքն առավել գեղեցկացավ, քնքշացավ։

Արցախի առաջին պատերազմի տարիները արագ հասունացրին Վահագնին։ Ապաստարանում, երբ սկսում էր ռմբակոծությունը, Վահեին և Արուսին իր թեվերի տակ էր առնում։

Ութ տարեկան էր, որ սկսեց Արցախյան շարժումը։

Մեկ տարեկանում քայլեց, առանձին բառեր էր ասում, նմանակում ընտանի կենդանիների ձայները։ Ուշիմ էր։ Աշխատանքըս թուղթ ու գրչի հետ էր։ Թարգմանություններ էի անում. այդ տարիներին` ձեռագիր, գրամեքենայի վրա չէի հավաքում, տկտկոցը խանգարում էր: Խելոք նստում էր մոտս, նայում — նայում լցրած էջերին ու ասում` ինձ համար էլ գրիր։ Վերցնում էի թուղթը, մի քանի տող գրում, տալիս իրեն, քիթը կախում էր ու ասում` քոնը շատ է, իմը` քիչ։

Մի ընդհանուր տետր ուներ, 48 էջանոցներից, 4-5 տարեկան էր, իր անկյունն ուներ, ասում էր` գնամ մի քիչ դասս սովորեմ։ Նրա «դաս սովորելն» այդ ընդհանուր տետրի էջերը «գրելով» լցնելն էր։

Վահեն լացկան երեխա էր, ու Վահագնն ակամայից դառնում էր իմ օգնականը։

Մաքրասեր էր, կոկիկ, աչքը` կուշտ։

Ով նրան կոնֆետ էր առաջարկում, ասում էր` մենք ունենք։ Մի անգամ հոր տնօրենի կինը նրան ընկույզի կեղևից սևացած մատներով ծիրան է մեկնում, 3 տարեկան Վահագնը չի վերցնում։ Հայրն ասում է.

— Վահագն, ինչու չես վերցնում։

— Էդ տոտայի ձեռքերը կեղտոտ են, — արդարանում է երեխան։

Մանկությունից սուր հիշողություն ուներ։

Որևէ տեղ թողած իրը հաջորդ օրը կհիշեր, կգնար կբերեր։ Քնեցնելիս ես նրան օրորոցային չէի երգում, արտասանում էի, հիմնականում` Հովհ. Թումանյանի բալլադները, առանձին մանկական ոտանա-վորներ։ Թումանյանի «Թագավորն ու չարչին» շատ էր սիրում։ Ասում էր` «Մատնիքմարջանն» ասա։ Անգիր էր արել ու բակի երեխաների, մայրիկների համար արտասանում էր։

Բակի կանանցից մեկը մի օր Վահագնին ասում է.

— Մամադ սիրուն կին ա:

Վահագնն ասում է.

— Իմ մաման կին չի, իմ մաման աղջիկ է։

Ու բակի կանայք Վահագնի պատասխանից կարգին աշխուժանում են։

Փոքր միջավայրերն առանձնանում են մարդկային հարաբերությունների անմիջականությամբ ու ջերմությամբ։ Վահագնի մանկությունն անցել է շատ մտերմիկ միջավայրում, ինչը նպաստել է նրա մարդկային ազնիվ որակների ձևավորմանը։ Շատ ընկերասեր էր։

Սիրում էր ընկերներին տուն բերել, ամեն ինչ կիսել նրանց հետ, հատկապես ուտելիքը, ինքը դժվար ուտող էր։ Ընկերության մեջ անդավաճանությունը մնաց մինչև նրա վերջին պահը։

Վեց տարեկանում գնաց դպրոց։ Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան թիվ 2 դպրոցը մասնագիտությամբ մանկավարժիս համար դարձավ հարազատ օջախ։ Վահագնին ես էի ճանապարհում դպրոց ու դպրոցից տուն բերում։ Բաց երեխա էր, թաքցրած բան չուներ։ Մեծ սիրով կապվեց առաջին ուուցչուհու` Էլմիրա Առաքելյանի հետ։ Տիկին Էլմիրան կատակով ինձ ասում էր. «Ձեր տանն ինչ լինում է, Վահագնը մեկիկմեկիկ ինձ պատմում է»։ Համեստ էր, լսող էր, դրության մեջ մտնող։ Սովորություն ունեի` ամեն առավոտ որոշակի գումար էի տալիս, որ բուֆետից ինչ-որ բան առնի, սնվի։ Ու էնքան էի տալիս, որ ընկերների հետ կիսելու բան ունենար։ Մի օր 10 կոպեկ տվեցի, ասացի.

— Բալաս, մոտս էդքան ա, էսօր աշխատավարձ կստանամ։ Ասաց` մամ, ուզում ես էդ էլ մի տուր, մոտդ պահիր։

Փողոցից երբեք վեճ չբերեց տուն։ Ընկերների միջև վեճեր փարատողն էր, խա-ղաղության աղավնին։

Առաջին դասարանից ընկերություն էր անում Պետրոսյան Արմենի հետ. միևնույն թաղում էինք ապրում։ Երեխաների մտեր-մությունը վերածվեց ընտանիքների բարեկամության։ Շատ անգամ են ընկերներով մեր տանը գեղեցիկ պահեր անցկացրել, հատկապես երբ Վահագնին և Արմենին յոթերորդ դասարանում միացավ Պողոսյան Էրիկը, որին երաժշտական դպրոցի աղջիկները, և ընդհանրապես աղջիկները շատ էին սիրում։ Սկսվեց տղաների դժվար տարիքը։ Պատվով հաղթահարեցինք։

Մոր և որդու փոխադարձ վստահությունը մնաց։

Սիրում էր խորհուրդ հարցնել, կիսվել։

Դպրոցական, պատանեկան սերեր ունեցավ։ Կուտ գնացին։ Տղամարդավարի իրեն դուրս էր քաշում այդ հոգեվիճակներից։

Համալսարանից հետո սկսեց աշխատել ոչ իր մասնագիտությամբ։

Ընդհանրապես էությամբ հումանիստ էր, գեղեցկությունների սիրահար։

Մի օր եկավ Նարեկացի համալսարան, ուր դասախոսում էի, լսարանի դուռը ծեծեց, դուրս եկա։ Մոտը խարտյաշ, խաժ աչքերով մի աղջիկ էր կանգնած։ Ասաց.

— Մամ, Օֆան ա, ծանոթացիր։

Բարևեցինք իրար: Հասկացա, որ Վահագնի մոտ ամեն ինչ արդեն որոշված է։ Գիտեի, որ միասեր է, որ հենց այնպես, առանց խորը զգացմունքի աղջիկ չէր բերի հետս ծանոթացնելու։ Երջանիկ էի որդուս երջանկությամբ։ Մի տարի անց ամուսնացան։ Աստված փորձարկեց Վահագնի և Օֆելյայի սերը։ Ինը տարի երեխա չունեցան, բայց չտրտնջացին, չհուսահատվեցին, հավատացին, որ մի օր իրենց ընտանիքը գտնելու է իր լիարժեք ու կատարյալ երջանկությունը: 2015-ի նոյեմբերի 20-ին ծնվեց Գիսանեն։ Աշխարհն իմն էր։

Վահագնի նվիրվածությունն ու պատասխանատվությունն ավելի կոնկրետացավ։

2017-ին Նռանեն ծնվեց։ Վահագնի հոգու տոնը կրկնապատկվեց։ Ճանաչողները կվկայեն, որ Վահագնը չնչին առիթն օգտագործում էր ընտանիքի համար տոն դարձ-նելու։

Երեխաներիս համար մի բացարձակ երջանիկ պահ գոյություն ուներ։ Դա ծնընդավայրս` Խծաբերդ գնալն էր։ Վահագնի մանկության ամենաշքեղ պահերն անցել են Խծաբերդում, իմ մանկության տանը, հորս և մորս մոտ։ Այնպես ստացվեց, որ մեկ ու կես տարեկանում Վահագնին վըստահեցի ծնողներիս խնամքին. ես պիտի վերադառնայի աշխատանքի։ Մսուր – մանկապարտեզին չհարմարվեց։ Եվ մենք ընտրեցինք ամենավստահելի տարբերակը։ Երբևէ չեմ փոշմանել։ Վահագնը շատ վեհագույն որակներ ժառանգել է հորիցս և հորս անմիջական ազդեցությամբ է կերպավորվել։ Ազնվություն, պատվախնդրություն, աշխատասիրություն, նվիրվածու-թյուն, նպատակասլացություն — ահա այն որակները, որով հայրս հայտնի ու ընդունված է իր միջավայրում։

Տղաներս մաքրախոս են։ Ինքս մեծացել եմ մի ընտանիքում, մի միջավայրում, որտեղ հայհոյելը, հատկապես կնոջ ներկա-յությամբ, ամենաամոթալի երևույթն է։ Վեց տարեկան էր Վահագնը։ Անցնում եմ

կողքի թաղով, մի կին մոտենում է ինձ, թե` Վահագնը տղայիս ծեծել է։ Մեջս զար-մանում եմ.

— Լավ, — ասում եմ, — կհարցնեմ տեսնեմ ինչ է եղել։

Գալիս եմ տուն, հարցնում եմ Վահագնին, թե ծեծել է այդ կնոջ երեխային։ Ասում է` հա, ծեծել եմ։

Ասում եմ` ամոթ է, ինչ է արել, որ ծեծել ես։

Թե` ուշունց ա տվալ (հայհոյել է): Ասում եմ` ինչ է ասել՞ թե` ես քեզ մոտ չեմ կարող էդ բառերն ասել։

Արցախյան շարժումը լիովին իր մեջ առավ նաև իմ ընտանիքը։ Ազգային այդպիսի համախմբվածությունն ինքնին ոգևորիչ էր։ Մենք հավատում էիք մեր պահանջի իրավացիությանն ու արդարացիությանը, անտրտունջ տանում էինք բոլոր զրկանքները, որոնց մեջ հայտնվել էինք 80-ական թվականների վերջերին և 90-ականների սկզբներին։

Կիսասոված, կիսահագնված, ռմբակոծությունների տակ, բայց մի մեծ հավատ ունեինք, ու այդ հավատն էր, որ մեզ պահեց։

Պատերազմն ինքնին դժբախտություն է`գիտակցված, թե չգիտակցված։ Տագնա-պում էի, բայց մի ընդվզում կար մեջս, ուզում էի` արդարությունը հաղթեր, ուզում էի` մարդու ձեռքով գրված օրենքները գործեին։ Երբ 88-ին, Արուսիկով հղի, «Լենին, պարտիա, Գորբաչով» և «Միացում» էի վանկար կում, գիտեի, որ ոչ ոք մեզ առանց արյան անկախություն կամ միացում չի տալու։ Արյունը չուշացավ։

Առաջին պատերազմի հաղթական ավարտը մեզ, ասես, մոռացնել տվեց մեր սրբազան կորուստները։ Կոնկրետ իմ ընտանիքը մեծ կորուստներ ունեցավ։ Ամուսինս 92-ի ամառը ծանր վիրավորում ստացավ, իսկ 93-ի մարտի 3-ին Հադրութում յուրայինների ձեռքով սպանվեցին ամուսնուս եղբայրները` Սարո և Հովիկ Սարդարյանները: Մինչև այսօր ջրի երես չեն հանված այդ սպանության պատվի-րատունները։ Մինչև այսօր մեր արյան մեջ մխում է թանկ կորուստների մրմուռը։

Ես պատերազմի մարդ չեմ։ Ես ատում եմ բոլոր պատերազմները։ Եվ ատել եմ միշտ։ Այդ ատելությունը Տոլստոյից չի գալիս, Ռեմարկից չի գալիս, Սարոյանից չի գալիս, Հեմինգուեյից չի գալիս։ Գալիս է իմ մանկությունից։ Իմ մանկության տարիներին ես շոշափելիորն զգացել եմ պատերազմի ահավորությունը։ Հայրս անհայր է մեծացել։ Նրա հայրը գնացել է Հայրենական պատերազմ ու չի վերադար-ձել։ Իմ Հայկանուշ տատը այրիացել է 29 տարեկանում և առանց ամուսին երեք զավակ է մեծացրել։ Իմ Հրաչ հորեղբայրը կյանքում «հայր» բառը չի արտաբերել։ Հորս տատը` Սանդուխտը, ծանր վշտից ողջամտությունը կորցրած, ամբողջ օրը սևերի մեջ` սուգ էր ասում. «Սամսոնս ,ե~կ, Սամսոնս, ե~կ»…

Խծաբերդում ողջամտությունը կորցրած մի կին էլ կար։ Եթե իմ Սանդուխտ ազին բարձրաձայն ամբողջ օրը ողբում էր, ապա Նուբարը ոչ մեկի հետ չէր շփվում, չէր խոսում, սև շորերում, սմքած, հանդ ու չոլերն էր ընկնում, կորչում օրերով։ Նրա երկու տղանները չէին վերադարձել Հայրենականից։

Ա~վաղ, իմ երեխաների մանկությունն ու  իմ հասունություն էլ խեղվեց պատերազմով։

Հողի, Հայրենիքի, ծննդավայրի, մանկության տան սրբազանության անդավաճանությունն ինձ գամեց Արցախին, ինձ հետ` նաև տղաներիս։ Ես իմ գործն էի անում, ու անում էի ամենայն պատասխանատվությամբ, խղճի մտոք։ Ես սերունդ էի կրթում ու դաստիարակում, սերունդ, որ վայրագորեն տարան ոչնչացման, դա-վաճանաբար թողեցին անթիկունք։

Երբ Ապրիլյանի առաջին օրվա ուշ երեկոյան Վահես` զինվորական հագ ու կապի մեջ, պիտի դուրս գար տնից, մի պահ կանգնեց, նայեց այլայլված դեմքիս, ասաց. «Մամ, յուրաքաչյուր մայր, երբ տղա է աշխարհ բերում, պիտի մտածի, որ մի օր նա գնալու է հայրենիքը, իր տունը, իր մորը, իր քրոջը պաշտպանելու։ Հո չեմ սպասելու, որ գան զոռով տնից հանեն, ես գնում եմ»։ Գնաց ու երեք ամսից վերադարձավ հատուկ պատվոգրով։

Սեպտեմբերի 26-ի երեկոյան մենք աշխարհի ամենաերջանիկ ընտանիքն էինք Ստեփանակերտի Կոլցևոյի բանկերի շենքի իններորդ հարկի մեր տանը ու չգիտեինք, որ 27-ի առավոտյան 7 անց 15-ին սկսվելու է պատերազմի արհավիրքը։ Ու տղաններս, ինչպես յուրաքանչյուր կանոնավոր հայրենասեր, մեկնելու են պաշտպանելու Հայ-րենիքը, Խծաբերդը, Խծաբերդի մեր տունը, ինձ, իննսունամյա հորս, Գիսանեին, Նռա-նեին, Օֆային, Կարինեին` չիմանալով, որ գնում են մատաղվելու, գնում են թիկունքից խփվելու, գնում են իրենց թանկ արյունը ջուր դարձնելու։

Դարերի անեծքը հայրենիքի գաղափարը զրոյացնողներին, նրանց, ովքեր ստի-պեցին հազարավոր մայրերի սգասացներ դառնալ, հազարավոր տնավեր մարդկանց աննպատակ ապրելու պատճառը դարձան, հարյուրավոր անհայր երեխաների խեղված ճակատագրերի հեղինակները դարձան։

Ես տղաներիս ճակատային օրերի մասին մանրամասներ չգիտեմ։ Այդ դժնդակ օրերին բավարարվում էի միայն նրանց ձայնը լսելով, եթե նրանց հաջողվում էր զանգել։ Աղերսում էի Աստծուն մտքում, բարձրաձայն, ծնկաչոք, ձեռքերս վեր կարկառած, բոլորի համար էի աղոթում, պատերազմի արհավիրքի մեջ հայտնված մեր բոլոր տղաների։

Ա Վ Ա ~Ղ…

Ինչ օր ու գիշեր, ինչ տրամադրություն-ներ, ինչ մտասևեռումներ է ունեցել Վա-հագնը քառասունմեկ օր շարունակ, չգիտեմ։ Միայն այն գիտեմ, որ մինչև վերջին պահը կանգնած է եղել հրամանատարի մոտ և դիրքերը չի լքել, ինչպես շատերն այս հրեշավոր պատերազմում։

Վահեն իրենց դիրքերից զանգել է Վահագնին` որպիսությունն իմանալու ու ասում է` հաստատակամ ձայնով Վահագնն ասել է. «Կանգնած ենք, որքան դիմանանք դիմանանք»: Այս մի հատիկ նախադասությունը խորհել է տալիս դիրքերում տիրած իրավիճակի մասին և այն մասին, որ մեր լույս զավակները` աշխարհ եկած արարելու, իրենցով կյանքը բազմագունացնելու համար, գնացին գիտակցված ինքնազոհության, գնացին նահատակության։ Նոյեմբերի 4-ին արցախցի լրագրող Դավիթ Վանյանը դիրքերում հանդիպել է Վահագնին, ասում է` խրոխտ կանգնած էր, առանց որևէ խուճապի։

Բայց պատերազմն իր դաժան օրենքներն ունի։

Արցախը Վահագնի գոյության պայմանն էր։ Աշխատանքի բերումով պարբերաբար լինում էր գրեթե բոլոր բնակավայրերում։ Մարդկանց հետ շփվելու, մտերմանալու, հարազատանալու բարձր մշակույթ ուներ։ Սար ու ձորի, ծառ ու ծաղկի, խոտ ու թփի սիրահար էր։

Ամառները Խծաբերդում անցկացնելով`անմնացորդ տիրապետում էր գյուղական աշխատանքներին։ Հայրս հպարտանում էր Վահագնի ու Վահեի խոտհարքի թափով։

Յոթերորդ դասարանից հայրս իր որսորդական հրացանը Վահագնին վստահեց։ Վաղ առավոտյան արթնանում էր, ու որտեղ ես` Ծեղքի ծմակում, որտեղ ես` Թոփախաչ, որտեղ ես` Ղոշախաչ, Գենդա-րա, Հարուս, Կանթնամուր աղբյուրին։ Ուր էլ գնար, աղբյուրներից ջուր էր բերում, Խծաբերդի ալպիական հանդերից` էկզոտիկ ծաղիկների փնջեր:

Վահագնի հետ մեքենայով ճանապարհ գնալը հեքիաթային բնության վայելում էր, Ստեփանակերտից Կարմիր Շուկայով, Տողով, Դիզափայտով Խծաբերդ գնալը` հեքիաթային ժամանց։ Առանձնակի ճկնու-թյամբ ու վարպետությամբ էր վարում ավտոմեքենան, թեթև, ասես սահքի մեջ լինեիր` կողքը նստած։

2012-ի մայիսի 21-ին երկարատև հի-վանդությունից մահանում է մայրս։ Մեծ վշտատեր էր մայրս. 21 տարեկան որդի էր կորցրել` միակ եղբորս: Անմարսելի վիշ-

տը հոգու մեջ` հաշտ էր վերջի հետ։ Հայրս տեղափոխվեց ինձ մոտ։ Հատուկ ուշադրություն ու վերաբերմունք ուներ Վահագնը հորս հանդեպ։ Մորս մահից հետո գյուղ գնալգալը ավելի հաճախակիացավ։ Ամառային արձակուրդներս, սկսած 2012-ից, անց էի կացնում Խծաբերդում.Վահագնն էր ինձ ու հորս տանում։ Անխոս, ամեն ին-չում օգնում էր, որ արագ մաքրենք, կարգի բերենք ամիսներով չբնակեցված տունը։ Ետ բերելուց` ընտանիքով էր գալիս, երբեմն Վահեն էր միանում մեզ, ամբողջանում էինք մեր փոքր մոլորակում`վայելելով համագյուղացիների անմնացորդ բարյացա-կամությունը, ջերմությունը. իրար հերթ չտալով` գյուղական անարատ մթերքներ էին բաժին հանում մեզ, հյուր կանչում։ Ծննդավայրում անցկացրած այդ մի քանի շաբաթն ինձ նոր ուժով, լույսով, ապրելու և արարելու տենչով էր համակում։ Հիմա կորստներիս ցավն իմ մեջ չի լռում, բողոքս առ աշխարհ հսկա ապառաժ է։ Այս էլ որերորդ անգամ աշխարհի քարացած անտարբերության մեջ ամեն ինչ կորցրինք, ամեն ինչ։ Ոսոխի հրթիռակոծությունից Խծաբերդի տները գրեթե անխտիր հո-ղին են հավասարեցված։ Իր օրում զավթիչի ոտք չտեսած Խծաբերդը ինչ-ինչ հանգամանքներում նվիրաբերվեց ոսոխին։ Եվ ոչ միայն Խծաբերդը…

Վահագնի համար սրբության սրբոց, բարձրադիր Կատարո վանքը, որը Վահագնի և Օֆայի ուխտատեղին էր։ Անմնացորդ հավատով հավատում էին, որ Գիսանեին իրենց նվիրել են Կատարո վանքի հրեշ տակները։ 2018 թվականի օգոստոսյան մի պայծառ առավոտ, Գիսանեին ուսերին առած, Օֆայի հետ Վահագնս նորից է բարձրացել Կատարո վանք ու մատաղ մատուցել։

Աստծու հրաշքին հավատում էր։ Մեր Աստվածը միշտ մեզ հետ էր, մեր մեջ էր։ Բայց այս անգամ Աստվածն էլ անկարող եղավ։ Պարզվում է` Աստված նեռից սարսափում է։

Թե ինչ եմ նշանակել Վահագնի համար, երբևէ չեմ քննել, չեմ վերլուծել։ Պարզապես նրան լռության մեջ վայելում էի, զորանում էի նրա մերձությունից։

Ամեն պահ նրա, երեխաների հետ լինելը տոն էր ինձ համար։ Շատ էր սիրում իմ պատրաստած կերակուրները, խորտիկները։ Համտեսելուց չէր լռի, կարծիք կասեր։ Մի օր ասաց. «Մամ, քո պատրաստած կուրկուտի ու ժենգյալով հացի համը ես ոչ մի տեղ չեմ առնում»։ Ու «մամը» առանձնահատուկ երանգով էր ասում, մի տեսակ երկարացման ու հարցական նշանների համատեղմամբ, սրտաբուխ, քաղցր…

2016-ի ապրիլ-մայիս ամիսներին առողջությունս կտրուկ վատացավ։ Եկա Երևան ստուգման։ Պարզվեց` լուրջ վիրահատության պիտի ենթարկվեմ։ Քույրս,որ Երևանում է ապրում, երեխաներիս հավաքեց շուրջս։ Վահագնը մի գիշերվա մեջ հասավ ու հայթայթեց վիրահատության համար անհրաժեշտ գումարը։ Ինձ ճըշմարիտ ախտորոշումը չէին ասել։ Մտածում էի` հիվանդացել եմ, կառողջանամ։ Հաջող վիրահատությունից հետո իմացա, թե ինչ տագնապալի պահեր են ապրել երեխաներս, հարազատներս ինձ համար։

Վահագնը ապաքինմանս համար Խծաբերդի հինգ սրբատեղիներին մատաղ էր խոստացել և ի կատար ածեց խոստումը։ Աստված ինձ կյանքի դարձրեց, որ վայելեմ երեխաներիս, նրանց սերը, նրանց ինձ խնայելը։

Հիմա խառն են մտքերս, հիմա փոթորկված է հոգիս, հիմա հանգիստ չունեմ, հիմա ներհակ զգացողությունները ինձ իրենց փշերի մեջ են առնում ու օրերով բաց չեն թողնում։ Մեկ-մեկ չապրելս արդարացված եմ համարում։ Ու երբ հայտնվում են Վահագնի երկու հրեշտակները` Գիսանեն ու Նռանեն, հասկանում եմ, որ դատապարտ-ված եմ ապրելու, որ պարտավոր եմ Վահագնով լցված էությունս նրանց փոխան-ցելու։

Հիանում էի, երբ Վահագնը Գիսանեի և Նռանեի համար հանպատրաստից հեքիաթներ էր հորինում, ասում էի` գրի առ, կատարյալ են։ Ծիծաղում էր։

Հիմա Վահագնը դաժանորեն ընդհատած, անվեջաբան իմ հեքիաթն է, և ես ոչ միայն Գիսանեին և Նռանեին եմ հավա-տացնում, որ նա մեզ ժպտում է արևի ճառագայթների, աստղերի ցոլքերի, ձյան փաթիլների, անձրևի ձայնի, գարնանը բացվելիք ծաղիկների երփներանգության ու բույրերի, մրգահոտ ամռան ու աշնան գունագեղությունների միջից, այլև անզո-րությունից ես էլ եմ սկսում հավատալ դրան։

Ամեն Եռաբլուր բարձրանալիս` փոք-րանում եմ որպես մարդ, փոշիանում եմ ու միլիոներորդ անգամ ասում եմ. «Ների՛ր ինձ, զավակս, ների՛ր, որ ակամա վկան ու մեղսակիցը դարձա քաղաքակրթության նվաճումները մեկ րոպեում փոշիացրած դժխեմ այս ժամանակի»։

Ժաննա ԲԵԳԼԱՐՅԱՆ

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Вы можете использовать эти HTMLтеги и атрибуты: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>