ՄԱՀԱՑԵԼ Է ԴՈՒԴՈՒԿԱՀԱՐ ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ 04.Авг.2021

Կյանքի 93–րդ տարում մահացել է նշանավոր դուդուկահար և կոմպոզիտոր ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի և Կանադայի երաժշտական ակադեմիաների անդամ Ջիվան Գասպարյանը։ Տեղեկությունը ֆեյսբուքի իր էջում հայտնել է նրա թոռը` Ջիվան Գասպարյան կրտսերը։

«Շատ մեծ ցավով եմ գրում իմ մեծ կորստի մասին։ Աստված հոգիդ լուսավոր երկնքում պահի»,–տաղանդավոր պապիկի լուսանկարին կից գրել է նա։

Նշենք, որ վերջին շրջանում Ջիվան Գասպարյանը գտնվում էր ԱՄՆ–ում։

Ջիվան Գասպարյանը ծնվել է Կոտայքի մարզի Սոլակ գյուղում 1928 թվականին։ Նա դժվար մանկություն է ունեցել, քանի որ մայրը շուտ է մահացել, իսկ հայրը պատերազմ է մեկնել։ Այդ պատճառով էլ մեծացել է որբանոցում։

Դուդուկ սկսել է նվագել վեց տարեկանից առանց դասընթացների հաճախելու։ 1947 թվականին մեկնում է Մոսկվա ազգային սիրողական համույթի հետ, որտեղ համերգից հետո Ստալինից ստանում է Պոբեդա ժամացույց։

1949 թվականին արդեն Ջիվան Գասպարյանը միանում է Թաթուլ Ալթունյանի անվան Հայկական ժողովրդական երգի-պարի պետական անսամբլի Ազգային երգ ու պարի համույթին։

1956 թվականին Ջիվան Գասպարյանը ստանում է առաջին մրցանակը, 1959 թվականին՝ առաջին ոսկե մեդալը Չորրորդ Միջազգային փառատոնում։ 1973 թվա-կանին արժանացել է ՀՀ Ազգային արվեստագետ պատ-վավոր կոչմանը։

Ջիվան Գասպարյանը մասնակցել է համաշխարհային ճանաչում վայելած ֆիլմերի երաժշտությունների ստեղծմանը` «Քրիստոսի վերջին չարչարանքները» (1988 թ., ԱՄՆ), «Ռոնին» (1998 թ., ԱՄՆ), «Օնեգին» (1999 թ., ԱՄՆ), «Գլադիատոր» (2000 թ., ԱՄՆ), «Սիրանա» (2005 թ., ԱՄՆ), «Արյունոտ ադամանդ» (2006 թ., ԱՄՆ), «Ձյուն և մոխիր» (2015 թ., Ռուսաստան) և այլն։

Թողարկել է ավելի քան 20 ձայնասկավառակ, ունի ավելի քան 1000 ձայնագրություն, նվագել է շուրջ 20 հազար համերգներում։

Նրա հիշատակը միշտ վառ կմնա բոլորիս սրտերում:

Ստորև ձեզ ենք ներկայացնում Ջիվան Գասպարյանի 90-ամյա հոբելյանի կա-պակցությամբ Ալեքսեյ Ստեֆանովի պատ-րաստած նյութը:

Աշխարհահռչակ երաժիշտ Ջիվան Գասպարյանը երազում է այն օրվա մասին, երբ հայերը կդադարեն լքել իրենց տները, իսկ նրանք, ովքեր հեռացել են, կվերադառնան հայրենիք։

Երբ նայում եմ մեծանուն դուդուկահար Ջիվան Գասպարյանին, չեմ կարողանում հավատալ, որ հոկտեմբերի 12–ին 90 տա-րեկան է դարձել։ Թվում է` սխալվում եմ. այդ ձիգ, ալեհեր տղամարդուն 70 տարեկանից բարձր չես տա։ Բայց, երբ նա ինքն է ասում, որ արդեն 90 տարեկան է, վերցնում եմ սմարթֆոնս, թաքուն մտնում համացանց և ստուգում. ճիշտ է ասում էլի, 90։ Բայց հայտնի երաժիշտը, անկասկած, իր տարիքից երիտասարդ է երևում։
Ընտանիքում երաժիշտներ չեն եղել, բայց հայրը լավ է երգել
«Ինչու եմ սկսել դուդուկ նվագել, նույ-նիսկ չգիտեմ։ Իմ ընտանիքում երաժիշտներ չեն եղել։ Հայրս երգել է հին երգերը։ Նա շատ լավ ձայն է ունեցել։ Բայց այդքանը։ Իսկ երբ ես առաջին անգամ լսեցի դուդուկի ձայնը, ինձ շատ դուր եկավ գործիքի հնչողությունն ու գեղեցիկ հնչերանգը։ Եվ սկսեցի սովորել նվագել։ Դուդուկը մարդու հոգին է, նրա պատմությունը, նրա աղոթքը», — ասում է Ջիվան Գասպարյանը` հրավիրելով նստել։

Ջիվան Գասպարյանը պատմում է, որ ծնվել է Սոլակ գյուղում, բայց կյանքի մեծ մասն անցկացրել է Երևանում։ Չնայած դրան` Գասպարյանի ընտանիքը տուն ունի Սոլակում, և նա ամեն ամառ վերադարձել է իր արմատներին. ձգել են մանկական հիշողություններն ու թարմ օդը։

«Իմ բոլոր դուդուկները պատրաստված են ծիրանենու փայտից, ուրիշ փայտից չի ստացվում, չի հնչում, — երաժիշտը բացում է սեղանին դրված պատյանը, հանում երեք գործիքներից մեկը և ցույց տալիս այն։ — Մի քանի անգամ փորձել եմ պատրաստել այլ ծառից, տարբեր երկրներից փայտ եմ բերել, բայց չի ստացվել»։

Երաժիշտն ասում է, որ դուդուկը 80 տոկոսով ստեղծվում է ձեռքերով և միայն 20 տոկոսով` խառատի հաստոցի օգնությամբ։

«Ինձնից է կախված, թե ինչ գույն կունենա գործիքը, ինչպես կհնչի յուրաքանչյուր նոտան։ Դա շատ կարևոր պահ է։ Ես տանը 100 գործիք ունեմ, կարող եմ փակ աչքերով վերցնել դրանցից յուրաքանչյուրը և ճանաչել», — պատմում է Գասպարյանը` բացատրելով, որ յուրաքանչյուր դուդուկն անհատական է, նման չէ մյուսներին ո՛չ ձևով, ո՛չ հնչողությամբ։
Սա աղոթք է, ոչ թե նվագ
Իր երկար կյանքի ընթացքում Ջիվան Գասպարյանը հասցրել է ելույթ ունենալ ամենատարբեր մարդկանց առաջ։ Նրա կյանքում շրջան է եղել, երբ նրան լսել է անգամ Իոսիֆ Ստալինը։ Դա եղել է Մեծ թատրոնում 1940–ականների վերջին, երբ Գասպարյանին հրավիրել են ելույթ ունենալ միութենական հանրապետությունների վարպետների ստուգատեսի ժամանակ, երբ նա արդեն ընդունվել էր երգի ու պարի ազգային համույթ։ Պատմում են, որ երբ հնչել է դուդուկը, Ստալինը նույնիսկ դա-դարել է ծխել ծխամորճը, ուշադիր լսել է երաժշտին, իսկ համերգից հետո Ջիվանի մոտ զինվորական կեցվածքով մարդիկ են եկել։

Գասպարյանը վախեցել է, մտածել է, որ երևի չի սպասել առաջնորդի ծափահարություններին, դրա համար են եկել։ Բայց պարզվել է, որ Ստալինին շատ է դուր եկել Գասպարյանի ելույթը, և նա որոշել է երաժշտին պարգևատրել «Պոբեդա» ժամացույցով։ Ջիվանն ուրախությամբ ըն-դունել է նվերը, բայց բառացիորեն հաջորդ օրը վաճառել է այն. քաղցած ժամանակներ են եղել։ Երաժիշտը մինչև հիմա ափսոսում է դրա համար։

Այդ պատմությունից տասը տարի չանցած` Ջիվան Գասպարյանը համեր-գային շրջագայություններ է ունեցել ոչ միայն ԽՍՀՄ–ում, այլ նաև արտասահմանում։ Այդ համերգների ժամանակ դահլիճներում անպայման հավաքվել են հայկական սփյուռքի ներկայացուցիչները։ Մի անգամ նա այդպես ծանոթացել է ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի հետ։

«Վիլյամ Սարոյանը լսեց, թե ինչպես եմ դուդուկ նվագում, ելույթից հետո մոտեցավ ինձ և ասաց. «Ջիվան ջան, սա նվագ չէ, այլ աղոթք»։ Եվ գրողի այդ արտահայտությունը գրված է իմ ձայնապնակի վրա, որը թողարկվել է Մոսկվայում 1982 թ-ին», —հիշում է երաժիշտը։

Նա ավելացնում է, որ այդ ժամանակ նման հայտնի մարդկանց հետ հանդիպումները ֆանտաստիկ են թվացել, իսկ նրանցից ստացած գովասանքը ոսկու գին
է ունեցել։ Այդ այսօր է, որ 75 տարվա մաս-նագիտական գործունեությունից հետո Ջիվան Գասպարյանը շրջել է ամբողջ աշ-խարհում, ավելի քան 20 հազար համերգ տվել, ստացել ավելի քան 30 պարգև, երաժշտություն գրել մոտ 40 ֆիլմերի հա-մար։ Եվ վաղուց ընկերներ են դարձել այնպիսի աշխարհահռչակ երաժիշտներ ու կոմպոզիտորներ, ինչպիսիք են Սթինգը, Մայքլ Բրուքը, Բրայան Մեյը, Պիտեր Գաբրիելը, Լայոնել Ռիչին, Զուկերոն, շատուրիշներ, որոնց հետ նա համատեղ աշխատել է։

«Ինձ այդպես Հոլիվուդ են հրավիրել, ես դրա համար հատուկ ոչ մի բան չեմ արել, ուղղակի նվագել եմ։ Բայց պարզվեց, որ այնտեղ իմ անունը ինձանից լավ գիտեն։ Երբ զանգեցին, այդպես էլ ասացին. «Ջիվան քեռի, մենք քո մասին շատ բան գիտենք։ Նույնիսկ գիտենք, որ դու համերգից առաջ մի քիչ խմում ես տրամադրության համար և միայն դրանից հետո ես բեմ դուրս գալիս», — ծիծաղում է աշխարհահռչակ երաժիշտը։
Ճապոնիայում չեն ծափահարել, բայց իզուր է նեղացել
Ջիվան Գասպարյանը չի դադարում աշխատել, համերգների և հյուրախաղերի ցուցակը մեկ տարվա կտրվածքով արդեն գրանցված է։ Նա դուդուկ նվագելն աշ-խատանք չի համարում։ «Դա սրտանց է արվում և հոգու համար», — ասում է Գասպարյանը և հիշում ամենավառ դըրվագը, որ իր հետ պատահել է հյուրա-խաղերի ժամանակ։

«Ես Ճապոնիայում երկու համերգ եմ ունեցել։ Առաջին համերգը, որն անցկացվեց փակ դահլիճում, երկու մասից էր. սկզբում ելույթ ունեցավ Բրայան Ինոն, նա նվագեց, նրան բարձր ծափահարեցին, հետո ես բեմ դուրս եկա, նվագեցի, ու …. լռություն։ Մտածեցի` լավ, նոր եմ սկսել, բայց կես ժամ անցավ, ու էլի ոչ մի արձագանք, ոչ ոք ուշադրություն չի դարձնում։ Սա ի՞նչ բան է։ Ես այդքան վա՞տ եմ նվագում։ Գործիքի հետ մի բան այնպես չէ՞։ Հիսուն րոպե նվագում եմ, ոչ մի շարժում։

Ավարտեցի։ Լռություն է։ Վեր կացա, գնացի, նորից ոչ մի բան։ Ոչ մի ծափա-հարություն։ Բայց հանկարծ կուլիսներից լսեցի, որ ծափահարում են։ Իսկ ես նույնիսկ չէի ուզում դուրս գալ` նեղացել էի։ Մեծ դժվարությամբ ստիպեցի ինձ վերադառնալ բեմ, պարզվեց, որ ճապոնացիները երաժշտություն լսելիս չեն ծափահարում, որպեսզի չխանգարեն։ Եվ երբ դուրս եկա, սկսվեց, տասը րոպե չէին ցանկանում բաց թողնել», — մինչև հիմա զարմանում է Գասպարյանը։

Գասպարյանի երկրորդ համերգը (ար-դեն մենահամերգը) տեղի է ունեցել բաց երկնքի տակ, միայն բեմն է ծածկ ունեցել։ Երաժիշտը պատրաստվել է ելույթին, և հանկարծ հորդառատ անձրև է սկսվել։

«Ինձ թվաց, որ համերգ չի լինի։ Ես արդեն հաշտվել էի այդ մտքի հետ։ Եվ հանկարծ սկսվելուց տասնհինգ րոպե առաջ մոտենում է տնօրենը և հարցնում. «Իսկ դուք չեք պատրաստվո՞ւմ համերգին։ 15 րոպե է մնացել»։ Ես ասում եմ. «Իսկ համերգը լինելո՞ւ է։ Այս անձրևին ի՞նչ հա-
մերգ»։ Տնօրենը պատասխանեց, որ բոլոր տոմսերը վաճառված են։ Դե լավ։ Ես հագնվում եմ, բեմ դուրս գալիս և ինչ եմ տեսնում. հորդառատ անձրև և սպիտակ հովանոցների ծով, դրանց տակ սպիտակ անձրևանոցներով մարդիկ են։ Երկու հազար մարդ 90 րոպե լսում էին ինձ։ Ես ապշած էի», — հիշում է երաժիշտը։
Շատ եմ սիրում իմ Հայաստանը
Ամենահայտնի հայերից մեկը, չնայած 1980–ականների դժվարություններին, չի ցանկացել լքել Հայաստանը, բայց նրա կյանքում մի շրջան է եղել, երբ հասկացել է, որ ընտանիքին կերակրելը չափազանց դժվար է։ Այդ ժամանակ հավաքել է բոլորին և տարել ԱՄՆ։ Հենց այնտեղ է երաժիշտը սկսել դուդուկի դասեր տալ իր գլխավոր աշակերտին` թոռանը` Ջիվան Գասպարյանին, որով շատ է հպարտանում և հիմա հաճախ է ելույթ ունենում նրա հետ։

«Ես շատ գոհ եմ, որ թոռս դուդուկ է նվագում. շատ լավ է նվագում։ Ես սկզբում չէի ուզում, որ նա նվագի, մտածում էի` բժիշկ կամ ինժեներ կդառնա։ Իսկ երբ Ջիվանը լսեց իմ երաժշտությունը «Գլադիատոր» ֆիլմի համար, այնպես սիրեց այն, որ արդեն անհնար էր համոզել նրան։ Եվ մենք սկսեցինք պարապել։ Արդեն 20 տարի նվագում է։ Մասնակցել է բազմաթիվ համերգների, դարձել դափ-նեկիր», — հպարտությամբ ասում է Գասպարյան ավագը։

Բայց Ջիվան Գասպարյան կրտսերը նրա միակ աշակերտը չէ։ Ջիվան քեռին չի կարողացել հայրենիքից հեռու ապ-րել և վերադարձել է Երևան, դարձել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր։ Այնտեղ դուդուկի դասարան ունի։

«Երևանն իմ տունն է, Հայաստանն իմ երկիրն է, ինչպե՞ս կարող եմ լքել երկիրս։ Այո, ժամանակ է եղել, երբ հեռացել եմ։ Շատ ծանր ժամանակ էր, մեզ մոտ ապրելն անհնար էր. լույս չկար, հեռուստացույցն ու ռադիոն չէին աշխատում, մեքենաները կանգնած էին, որովհետև բենզին չկար, մարդիկ ամեն տեղ ոտքով էին գնում, նույնիսկ ուտելիք չկար, վերարկուներով էին քնում։ Մարդ ինչպե՞ս կարող է ապրել նման պայմաններում։ Հիմա, փառք Աստ-ծուն, ամեն ինչ կարգավորվում է, ես շատ ուրախ եմ դրա համար։ Կարծում եմ` ավելի լավ է լինելու։

Ես ուզում եմ Երևանը գեղեցիկ տեսնել, ինչպիսին եղել է անցյալում, որտեղ մար-դիկ սիրել են միմյանց, հարգել։ Ուզում եմ, որ ամեն ինչ ժպիտի մեջ լինի, մարդիկ արժանավայել կյանքով ապրեն, չլինեն աղքատներ, որպեսզի հայերն այլևս չլքեն իրենց տները, չհեռանան երկրից, իսկ նրանք, ովքեր հեռացել են, վերադառնան։ Քանի որ հայրենի հողը կատակ բան չէ, դա մոր նման է։ Ես շատ եմ սիրում իմ Հայաստանը», — ասում է Գասպարյանը։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Вы можете использовать эти HTMLтеги и атрибуты: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>