ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԿՐԹՕՋԱԽՆԵՐ 27.Июл.2019

Հայ ժողովրդի բազմադարյան հարուստ մշակութային ժառանգության անբաժանելի մասն է կազմում հայ դպրոցը, որն ունի հազարամյակների պատմություն:
Չնայած իրար հաջորդող ծանր քաղաքական պայմաններին, հայ ժողովուրդն իր գոյության ամենաօրհասական պահին անգամ չի կորցրել հոգու արիությունը և մտքի սլացքը: Նա ամեն անգամ առասպելական փյունիկի պես հառնել է մոխրակույտերից, մաքառել իր գոյության, մշակույթի, այդ մշակույթը վառ պահող դպրոցի համար: Հայերը հնագույն ժամանակներից սկսած ստեղծել են գրականության ու արվեստի հիանալի կոթողներ, կրթական օջախներ, տարբեր աստիճանի բազմաթիվ դպրոցներ:
Ափսոսանքով պետք է նշել, որ անցյալի հայ դպրոցի պատմությունը քիչ է ուսումնասիրված: Հայ դպրոցի պատմության ուսումնասիրությունը շատ կարևոր է հայ ժողովրդի, մասնավորապես նրա մշակույթի պատմության ուսումնասիրման, դպրոցի առջև դրված նոր խնդիրների իրագործման համար: Մինչհեղափոխական ժամանակաշրջանում գրվել է հայոց մի քանի դպրոցների պատմությունը (տե՛ս Աղ. Երիցեան, Պատմութիւն 75-ամեայ գոյութեան Ներսիսեան հայոց հոգևոր դպրոցի, 1824-1899, հ Ա, Թիֆլիս, 1898):
Նախասովետական հայ դպրոցի պատմությամբ քիչ են զբաղվել նաև սովետահայ պատմության և մանկավարժության մաս-նագետները: Մինչ այժմ մենք գրեթե չունենք հայ մշակութային օջախների վերաբերյալ արժեքավոր մենագրություններ, եթե նկատի չունենանք պրոֆեսորներ Ա. Մով-սիսյանի «Ուրվագծեր հայ դպրոցի մանկավարժության պատմության» (X-XV դարեր) (Երևան, 1958թ.) և Մ.Հ. Սանթրոսյանի «Արևելահայ դպրոցը XIX դարի առաջին կեսին» (Երևան, 1964թ.) շատ արժեքավոր աշխատությունները:

ԼԱԶԱՐՅԱՆ ՃԵՄԱՐԱՆ
1815 թ. Մոսկվայի կենտրոնի Հայկական նրբանցքում բացվեց մի կրթօջախ՝ Լազարյան ճեմարանը, որը կառուցվել է
մեծահարուստ ազնվականներ, հայ ազգային – ազատագրական պայքարի երախտավորներ Լազարյանների միջոցներով ու նախաձեռնությամբ:
Գոյատևելով հարյուր տարուց ավելի, հակառակ ցարիզմի կամքին ու ցանկությանը, նա դուրս է եկել իր համար գծված նեղ շրջանակներից, դրական դեր խաղացել հայ մշակույթի, լուսավորության, գիտության, հասարակական ու քաղաքական տարբեր բնագավառներում:
Մեծ է Լազարյան ճեմարանի դերը հայ դպրոցի ու մանկավարժական մտքի զարգացման գործում: Լազարյան ճեմարանը ռուսահայերի առաջին բարեկարգ և բարձր տիպի դպրոցն էր, որն իր ուսումնանյութական հնարավորություններով, պրոֆեսորադասախոսական կազմով վեր էր կանգնած հայկական շատ ուսումնական հաստատություններից: Նա իրավամբ կրում էր «գլուխ հայոց դպրոցաց», «հայոց դպրոցների նախակարապետ», «սերմնարան հայոց դպրոցաց» պատվավոր անունները: Հաստատությունը հայկական դպրոցներին տալիս էր սակավ, բայց որակյալ մանկավարժներ: Ճեմարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ճեմարանավարտ սաների կողմից կազմված ուսումնական ձեռնարկները, ինքնուսույցները, կանոնադրությունները լայն տարածում են գտել հայկական դպրոցներում:
Ստեղծված լինելով որպես հայագի-տական կենտրոն, հայ իրականության համար մասնագետներ պատրաստելու նախնական նպատակով, ճեմարանը ամ-ողջ Ռուսաստանում շատ շուտով դարձավ ժամանակի միակ արևելագիտական կենտրոնը, որը պատրաստում էր արաբերենի, պարսկերենի, թուրքերենի մաս-նագետներ: Ճեմարանը գոյություն ունե-ցավ մինչև 1917 թ., որից հետո վերածվեց արևելագիտության ինստիտուտի, ճեմա-րանի շենքում սկսեց գործել հայկական մշակույթի տուն: Այս հանրաճանաչ մշակութային հաստատությունը գոյություն ունեցավ մինչև 1953 թվականը: Երբ շենքը նորից տրամադրվեց հայ ժողովրդին, մոտ 10 տարվա վերանորոգումներից հետո Լազարյանների փառահեղ տեսք ստացած տունը նորից բացեց իր դռները: Այստեղ տեղավորված էին Հայկական ԽՍՍՀ նախարարների խորհրդի մշտական ներկայուցչությունն ու հայռուսական բարեկամության թանգարանը: Այնուհետև որոշում կայացվեց, որ հենց այստեղ պետք է բացվի հայռուսական բարեկամության թանգարանը, և անմիջապես պարզ դարձավ, որ ցուցադրությունը պետք է ըսկսել Լազարյան ճեմարանին նվիրված համալիրից: Աշխատանքները տարվում էին ոչ միայն Մոսկվայում, այլ նաև Երևանում: Հիմնական դժվարությունը կապված էր նյութեր հավաքելու հետ, բայց վերջապես հաջողվեց գտնել բնօրինակ նյութեր, որոնք նախկինում Լազարյան ճեմարանի տպարանին պատկանող գըրքերն են: Հնարավոր եղավ ձեռք բերել ճեմարանի նախկին սաներ Վ. Տերյանի, Զ. Նասիլովի, Ի. Շտուցերի, Ա. Կրիմսկու,
Վ. Ասակինի և այլոց բնօրինակ որոշ նյութեր, բայց ցուցանմուշների հիմնական
մասը պատճենահանվեց Մատենադարանում, Ե. Շարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, Երևանի, Մոսկվայի և Լենինգրադի պատմական արխիվներում: Եվ ահա տեղի ունեցավ հայռուսական բարեկամության թանգարանի առաջին ցուցադրության բացումը:
Նախկին Լազարյան ճեմարանի շենքը հետնապոլեոնյան Մոսկվայի աչքի ընկնող ճարտարապետական կոթողներից է, Հայկական նրբանցքի զարդը: Նրա շինարարությունը սկսվել է 1812 թ ճար-տարապներ Պոդյաչևի և Պրոստակովի նախագծով: 1816 թ. լրիվ պատրաստ էր կենտրոնական շենքը, իսկ 1823 թ. նրան
ավելացան կից շինությունները: Թանգարանը պատմում է Լազարյանների ընտա-նիքի, նրանց մշակութային ու տնտեսական բուռն գործունեության մասին: Առանձին ուշադրություն է գրավում Եկատերինա Երկրորդի և Ալեքսանդր Երկրորդի՝ Լազարյաններին շնորհած հրո-վարտակներն ու շնորհակալագրերը: Մեծ սրահը անբողջովին նվիրված է Լազարյան ճեմարանի պատմությանը՝ սկսած 1815 թ:
Առանձին համալիրները պատմում են ճեմարանի թատրոնի, դասախոսների, ուսանողների, նրա տպագրական գործունեության, ռուս առաջադեմ մտավորականության հետ կապի, ճեմարանի՝ որպես արևելագիտական խոշոր կենտրոնի մա-սին: Լազարյան ճեմարանում սովորել են
անվանի հայագետներ Մ. Էմինը, Գր. Խալաթյանը, հայր ու որդի Կարապետ և Հովսեփ Կուսիկյանները, Կ. Մելիք-Օհանջանյանը, գրականագետներ՝ Ցոլակ Խանզադյանը, Պողոս Մակինցյանը, բանաստեղծներ՝ Գ. Դոդոխյանը, Ռ. Պատկանյանը, Ս. Շահազիզը, Հ. Հովհաննիսյանը,
Վ. Տերյանը, հայտնի նկարիչ Վ. Սուրենյանցը և ուրիշներ: 1970-ական թվականներից ճեմարանի համալիրը հանձնվել է Հայաստանի կառավարության տնօրինությանը, ՀՀ անկախությունից հետո տրամադրվել է Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը:

ՆԵՐՍԻՍՅԱՆ ԴՊՐՈՑ
19-րդ դարում Թիֆլիսն իր հայահօծ բազմությամբ դարձել էր հայ մշակույթի կարևոր կենտրոն: Այստեղ կային բազմաթիվ հայկական դպրոցներ, տարբեր պարբերականներ, դրամատիկական և հրատարակչական ընկերություններ, բարեգործական և հասարակական ընկե-րություններ: Անգնահատելի դեր խաղաց Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը: Այն դարձավ մեկ դար անընդմեջ հայ ուսուցիչների պատրաստման իսկական դարբնոց:
Ներսիսյան դպրոցի մայր շենքը գտնվում է Թիֆլիսի «Սոլդատսկի բազար» հրապարակում: Շինության նախագիծը Ներսես Աշտարակեցի կաթողիկոսի հանձնարարությամբ կազմել էր պետերբուրգցի ճարտարապետ Լիմկուրը: Դպրոցը պաշտոնապես բացվեց 1824 թ.հոկտեմբերի 1-ին: Թիֆլիսի զարդը հանդիսացող այդ շինությունն ավերվեց 1905 թ. ռմբակոծության հետեվանքով:
Ժամանակի հետ փոխվում էին պահանջները: Ուսումնական գործի զարգա-ցումը, աշակերտության աճը առաջ էինքաշում նոր դպրոցական շենքի անհրաժեշտությանը:
Մեծահարուստ Ալեքսանդր Մանթաշյանը հանձն է առնում դպրոցի նոր շենքի կառուցման ծախսերը: Շենքի կառուցման վայրի մասին Մանթաշյանին տեղյակ պահելու և նրա հետ խորհրդակցելու համար Վրաստանի և Իմերեթիայի թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Սաթունյանցն ու դպրոցի վերատեսուչ Ավետիս Ահարոնյանը մեկնում են Պետերբուրգ հանդիպելու Մանթաշյանին, և նրանց հաջողվում է համոզել նրան այս ազգանվեր գործին աջակից լինել: Կազմվում է նախահաշիվ՝ 190 հազար ռուբլու սահմաններում: Շինության նախագիծը, որը համառուսական մրցույթի 33 նախագծերից առաջին մրցանակին էր արժանացել, ինժեներ Մորավիցկու նախագիծն էր: Կազմվում է նոր նախահաշիվ՝ 280 հազար ռուբլի գումարով:
1910 թ սկզբներին, երբ Մանթաշյանը կրկին Թիֆլիսում էր, հոգաբարձության ներկայացուցիչները հանդիպեցին բարերարին, նա դպրոցի շինության համար տրամադրեց 250 հազար ռուբլի: 1909 թ. ամռանը քաղաքային ջրմուղից ջուր է հասցվում դպրոցապատկան հողամասին, որից հետո արագ թափով սկսվում է շենքի կառուցումը:
Մինչ այդ մահանում է Ալեքսանդր Մանթաշյանը: Բայց, ի պատիվ բարերարի որդիների, կիսատ չի մնում հայ-րենասիրական գործը: Նրա որդիները ավելացնում են գումարի չափը՝ հասցնելով 372 հազար ռուբլու: Արագ կերպով կառուցվում է եռահարկ, իր տեսքով հայկական ճարտարապետություն հիշեցնող մի գեղեցիկ շինություն, որի ճակատն ամբողջովին շարված էր Լոռվա Ծաթեր և Զանգեզուրի Քարահունջ գյուղերի քարհանքերից բերված վարդագույն քարով:
Ներսիսյան դպրոցի նորակառույցի առաջին հարկում տեղավորված էին մատենադարանը, մարզադահլիճը, ճաշարանը, հանդերձարանները, արհեստանոցը, լողարանը: Երկրորդ հարկում էր գտնվում դպրոցի տեսչի առանձնասենյակը, ուսուցչանոցը, բժշկի սենակը և մի քանի այլ սենյակներ: Երրորդ հարկի միայն հանդիսությունների դահլիճը կարող էր
տեղավորել 300 մարդ: Ընդարձակ ու հարմարավետ դպրոցը՝մանրահատակով, օդափոխիչ հարմարանքներով ու լուսավոր դասասենյակներով հրաշալի պայմաններ էր ստեղծում ուսուցման համար: Մուտքի մուտ դրված էին դպրոցի հիմնադիր Ներսես Աշտարակեցու և Ալեքսանդր Աշտարակեցու կիսանդրիները:
Դպրոցի պատմության մեջ Ներսես Աշտարակեցու անվան հետ մտավ նաև մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանի անունը, որն իր միջոցները շռայլորեն նվիրաբերեց ազգային կարևոր այս կըրթ-օջախի բարգավաճման գործին:
Դպրոցի նշանավոր սաներից են Պերճ Պռոշյանը, Հովհաննես Թումանյանը, Անաստաս Միկոյանը, Սողոմոն Թեհլերյանը, Հայկ Բժշկյանը և այլ հանրաճանաչ շատ գործիչներ:

Պատրաստեց՝ Անահիտ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Вы можете использовать эти HTMLтеги и атрибуты: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>